ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Սահմանապահ համայնքների երիտասարդները մուտք կգործեն կինոարտադրության ոլորտ

Սահմանապահ համայնքների երիտասարդները մուտք կգործեն կինոարտադրության ոլորտ
25.01.2016 | 16:09

«Օրդֆիլմ» կինոարտադրող ընկերության նախաձեռնությամբ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում պարբերաբար կազմակերպվելու է կինոցուցադրություն: Ծրագրի շրջանակում սահմանամերձ գյուղերի պատանիներին ու երիտասարդներին ֆիլմարտադրության ոլորտում մասնագիտանալու, հավելյալ հմտություններ ձեռք բերելու հնարավորություն է տրվելու: Այս մասին «Իրատեսի» հետ զրույցում ասաց «Հայրենիքի դարպասներ» սոցիալական -հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ ԱՐՄԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ: Ծրագրի մեկնարկը կտրվի գարնանը: Թե որ գյուղում կամ գյուղերում են կազմակերպվելու առաջին ցուցադրությունները, դեռ հստակեցված չէ:

Կինոդահլիճ որպես այդպիսին գյուղերում չկա: Ֆիլմերը կցուցադրվեն մշակութային կենտրոններում: Որոշ տեխնիկական խնդիրներ պետք է լուծվեն: Անհրաժեշտ է ձեռք բերել էկրան ու պրոյեկտոր:
Արման Հայրապետյանը հույս ունի, որ եթե ծրագիրը արձագանք գտնի բնակիչների շրջանում, իրենց կմիանան նաև այլ ընկերություններ: Հավանաբար կլուծվի էկրանի, պրոյեկտորի, ձայնային համակարգ ձեռք բերելու, դահլիճի ջեռուցման, կահավորման և այլ հարցեր: Մեկ բառով ասած` մի օր գուցե գյուղերն ունենան կինոդահլիճ ու վերականգնվի կինո գնալու մշակույթը:

Մշակութային այս ծրագիրը չի սահմանափակվելու կինոդիտումով ու քննարկումներով: Կազմակերպիչները փակագծերը բացել առայժմ չեն ուզում:
Հետաքրքրվեցի` վտանգավոր չէ՞ սահմանին մոտ գյուղերում կինոդիտում անցկացնելը: Զրուցակիցս ասաց, որ իրենք հենց այդ պատճառով ընտրելու են երկրորդ-երրորդ գծի գյուղեր: Այնտեղ կրակոցներ լսվում են, բայց առավել անվտանգ են:
«Հայրենիքի դարպասներ» սոցիալական- հասարակական կազմակերպությունն անցկացնում է տարբեր ծրագրեր սահմանամերձ գյուղերում: Կառուցել են խաղահրապարակներ Չինարի և Ոսկեպար գյուղերում, իրականացնում են «Սահմանամերձ գյուղերի երեխաները Թումոյում» ծրագիրը, որի շրջանակում «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ 12 սահմանապահ գյուղերից 68 երեխա է այցելում Դիլիջանի «Թումո» կենտրոն:
«Երբ «Օրդֆիլմ» կինոարտադրող ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկ Օրդյանը հարցրեց`գյուղերի երեխաներին կինոարտադրություն մուտք գործելու հեռանկարը կհետաքրքրի՞, ես ասացի, որ «Թումո» այցելող երեխաների շրջանում հարցում է անցկացվել, թե ո՞ր ոլորտն են նախընտրում: Հարցվողների զգալի մասը նշել է «ֆիլմերի ստեղծում» և «լուսանկարչություն» բաժինները,- ասաց Արման Հայրապետյանը: -Սահմանամերձ գյուղերի երեխաները Թումոյում» ծրագրի մասնակիցները 13-17 տարեկան են, բայց շատ ավելի հասուն են: Ես վստահ եմ, որ գյուղերում շատ բան կփոխվի ու այդ փոփոխության գործում իրենց դերը կունենան այս երեխաները: Սահմանապահ գյուղում ապրող ցանկացած ոք սահմանապահ է, անգամ փոքր երեխան, որովհետև ծնված օրից ապրում է թշնամուն դեմ դիմաց` անընդհատ հնչող կրակոցների տակ»:


Ի դեպ «Թումո» կենտրոն այցելող երեխաները ակտիվորեն մասնակցում են նաև «Հայրենիքի դարպասներ» ՀԿ-ի նախաձեռնություններին: Իբրև օրինակ, համակարգում են «Տատիկից զինվորին» ծրագիրը, որի շրջանակում թելեր, մթերք է տրամադրվում սահմանապահ գյուղերի տատիկներին: Նրանց գործած գուլպաները և թխած գաթաները հունվարի 28-ին կամ 30-ին կհասցվեն սահմանապահ զորամասերի զինվորներին: Ծրագիրը շարունակական է լինելու, կոչվում է «Տատիկից զինվորին», բայց մասնակցում են նաև երիտասարդ աղջիկներ ու կանայք:

«Նախագծին ցանկություն են հայտնել միանալու Երևանում և ոչ սահմանամերձ այլ բնակավայրերում բնակվող մեր հայրենակիցները: Սահմանափակումներ չկան, կարող են միանալ բոլոր ցանկացողները»,-ընդգծեց Արման Հայրապետյանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1531

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ